Արթուր Վանեցյանը չի մասնակցի քաղաքապետի ընտրություններին
Irakanum.am–ի ունեցած տեղեկություններով «Հայրենիք» կուսակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցի։ Մեզ հասած տեղեկության համաձայն Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ քննարկումներ է ունեցել սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասով, և վերջնական որոշել են չմասնակցել ընտրական գործընթացին։ Ի դեպ Վանեցյանի թիմակիցներից շատերը ևս կողմ են եղել, որ չմասնակցեն ընտրություններին, հաշվի առնելով նաև Արցախում ստեղծված ծանր իրավիճակը։
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, թե որոշում այս պահին չունեն, հետևաբար չի կարող վերջնական որեւէ բան ասել, կամ կմասնակցեն ընտրություններին, կամ չեն մասնակցի, տպավորություն ստեղծելով, թե իբր կա երրորդ տարբերակ։ Դա էլ այն է, որ հնարավոր է աջակցեն թեկնածուներից մեկին։
Նշենք, որ մի շարք քաղաքական ուժեր վաղուց արդեն հայտարարել են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին։ Խորհրդարանական ընդդիմությունը չի հստակեցնում իր հնարավոր մասնակցությունը, չնայած տեղեկությունների համաձայն և «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները ևս չեն մասնակցի սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։