Շառլ Ազնավուրին Իսրայելի նախագահի նստավայրում հեղինակավոր պարգև շնորհվեց. Տեսանյութ
Այսօր Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում կայացավ Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռոուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ:
Հիմնադրամի նախագահ Բարուխ Տենենբաումը շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով պարգևատրեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեին, նաև նրա քրոջը՝ Աիդային, ում փոխարեն պարգևը ստացավ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:
Հիմնադրամի ներկայացուցիչները բացեցին այս միջոցառումը՝ ներկայացնելով հրեա պրոֆեսոր, ցեղասպանագետ, հայ ժողովրդի բարեկամ Յաիր Աուրոնի մեկամյա աշխատանքը, որի ընթացքում նա գրի էր առել Ազնավուրի ընտանիքի պատմությունը, Շառլ Ազնավուրի ծնողների՝ Միշայի ու Քնարի, ինչպես նաև հենց իր ու քրոջ սխրանքները Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Պատերազմի տարիներին Ազնավուրյանները Փարիզում աջակցում էին հայտնի պարտիզան, հետմահու Ֆրանսիայի Ազգային հերոս հռչակված Միսաք Մանուշյանին ու նրա խմբին և ապաստան էին տրամադրել թե՛ հայերին և թե՛ հրեաներին՝ վտանգելով սեփական կյանքը:
Ազնավուրը իր խորին երախտագիտությունը հայտնեց թե՛ Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, թե՛ Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար: Աշխարհահռչակ շանսոնիեն նաև հարցրեց, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
«Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում և չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարևոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից», - հարցրեց Ազնավորը:
Ի պատասխան՝ Ռիվլինը ասաց, որ դա քաղաքական հարց է, և իր՝ Քնեսեթի պատգամավոր ու այնուհետև նաև նախագահ աշխատած ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի հարցը Իսրայելի խորհրդարանում բարձրացրել են, հիշատակել են Հայոց ցեղասպանության օրը, և ինքն էլ 2015 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից բավական հստակ խոսել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:
«Մենք Քնեսեթում ներկա ենք եղել այդ սարսափելի իրադարձությունների հիշատակի արարողությանը: Ցավոք, Իսրայելի կառավարությունը չկարողացավ տեղի ունեցածը ճանաչել որպես Ցեղասպանություն, և միակ հարցն այն է, թե ինչպես է այն ձևակերպվում: Եվ ես, որպես Իսրայելի նախագահ, պարտավոր եմ հարգել Իսրայելի կառավարության որոշումները: Կոտորած, թե ցեղասպանություն՝ սարսափելի, սարսափելի բան է տեղի ունեցել Հայ ժողովրդի հետ 1915 թվականին», - մասնավորապես, ասաց Իսրայելի նախագահը:
Վաղը կեսօրին Նևէ Շալոմ գյուղում, որը բնակեցված է հրեաներով և արաբներով, Ազնավուրը ձիթենի է տնկելու ի պատիվ հրեաների, քրիստոնյաների ու մահմեդականների կյանքը փրկած հերոսների:
Հետաքրքրիր էր, որ այս արարողությանը ոչ մի ներկայացուցիչ հայկական համայնքից չկար հրավիրված: Նախագահականում ասացին, որ իրենք դահլիճն են տրամադրել, Վալլենբերգի հիմնադրամի ղեկավարությունն էլ Արգենտինայից բազմաթիվ հյուրեր ուներ ու չմեկնաբանեցին, թե ինչու հայեր չկային դահլիճում:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում էլ տեղեկություններ չփոխանցեցին, թե լինելո՞ւ արդյոք հանդիպում Պատրիարքի հետ: