«Գառնի» այցելող օտարերկրացիներն այսուհետ կվճարեն 1500 դրամ, ՀՀ քաղաքացիները՝ 500 դրամ
Մշակույթի նախարարության որոշումով՝ օգոստոսի 1-ից որոշ պատմամշակութային արգելոց-թանգարանների՝ «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» և այլն, մուտքի վճարները կավելանան: Այս մասին Tert.am-ին ասաց «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Արամ Բաբայանը, ով շեշտեց, որ փոփոխությունները տեղի են ունենում պատմամշակութային արգելոց-թանգարանների համակարգում:
Կոնկրետ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի գինը արտերկրից այցելուների համար ներկայիս 1200 դրամի փոխարեն սահմանվել է 1500 դրամ, իսկ ՀՀ քաղաքացիները 250 դրամի փոխարեն կվճարեն 500 դրամ: Թանկացել են նաև ծառայությունների գները, օրինակ՝ հայերեն լեզվով և օտար լեզվով էքսկուրսիայի գինը 2500 դրամից դարձել է 4000 դրամ:
«Դա ընդհանուր հրաման է, վաղն արդեն ծառայությունների համար կոնկրետ կտրամադրեն տոմսերը նոր սակագներով»,- ասաց նա:
Թե ինչի՞ հիման վրա են գները բարձրացրել, արդյոք նոր ծառայություններ են ավելացվել, Արամ Բաբայանն ասաց, որ առայժմ փոփոխություններ չկան: «Ոչ, չկա, ոնց 20 տարի առաջ է, նույնը հիմա»,- ասաց նա և նշեց, թե այսուհետև կունենան բողոքների և առաջարկությունների մատյան, որը որոշ ժամանակ հետո արդեն կհասկանան, թե ինչից են գոհ կամ դժգոհ այցելուները և կփորձեն կարգի բերել:
Կարդացեք Tert.am -ում